«Ադրբեջանական իշխանությունները երեկ հերթական անգամ հաստատեցին իրենց անմարդկային բնույթն ու միջազգային իրավունքի որեւէ նորմի հետ հաշվի չնստելու շարունակական գործելակերպը։
Այլ կերպ անհնար է գնահատել այն իրողությունը, որ Բաքվի բանտերից մեկում երեկ սպանվել է Հայաստանի 20-ամյա քաղաքացի, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի խաղաղ բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը»,-գրում է «Հայոց աշխարհը»` շարունակելով. «Փաստն այն է, որ ադրբեջանական կողմը գերեվարում է Հայաստանի խաղաղ բնակչի, ոչ զինվորական անձնավորության, նրան ենթարկում կտտանքների եւ ինչ-որ անհեթեթություններ «կորզում», թե իբր դիվերսանտ է, իբր Արցախի հյուսիսարեւելյան հատվածից ներթափանցել է ադրբեջանական տարածք, որ դպրոց պայթեցնի եւ այլ նման տխմարություններ։
Այս ամենը նկարահանվում եւ տարածվում է համացանցով։ Ի դեպ, դա եւս առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը ռազմագերիներին կամ պատանդներին, այսինքն՝ բացարձակ կախման եւ անազատության մեջ գտնվող անձանց ուղղակիորեն օգտագործում է քարոզչական նպատակներով, ինչը ինքնին միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Բայց ո՞ւր է դրա գնահատականը։
Ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ է նշված. «Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»։





























