Թուրքական ATV հեռուստաընկերության «Ամուսնություն՝ Էսրա Էրոլի հետ» հաղորդման իգդիրցի մասնակցին հեռացրել են դահլիճից, այն բանից հետո երբ երկու անգամ հայտարարել է, թե քուրդ ամուսին չի ցանկանում։
Հաղորդման ընթացքում իգդրցի 22-ամյա թրքուհին նախ հրաժարվել է ծանոթանալ Սիլոպցի փեսացուի թեկնածուի հետ՝ պնդելով, թե ինքը սիլոպցի ամուսին չի ուզում։ Այնուհետ 22-ամյա Դույգուն հայտարարել է, թե ինքը չի ուզում նաեւ քուրդ ամուսին։ Այդ խոսքի վրա հաղորդավարուհի Էրոլը բացականչել է. «Աստված իմ, Աստված իմ»։ Սակայն, Դույգուն պնդել է իրենը՝ կրկնելով. «Քուրդ ամուսին չեմ ուզում»։
Իգդիրցի աղջկա համառությունը կատաղեցրել է հաղորդավարուհուն, ով հրամայել է մասնակցին՝ լքել դահլիճը։ «Տեսեք, դեռ քուրդ է ասում...։ Դույգու, գնա այստեղից, ի սեր Աստծո։ Բոլորս էլ մարդ ենք, ի՞նչ կարեւոր է, թե որտեղից ենք։ 22 տարեկան աղջիկ ես, քեզ ի՞նչ են արել նրանք, կամ դու որտե՞ղ ես ապրում»-բացականչել է հաղորդավարուհին:





























