Էրդողանը բնապահպանության հետ կապված խնդիրներ ունի, բայց փիլիսոփայության առումով ամեն ինչ կարգին է: Այդ մասին ասվում է թուրք նախագահի «դարի կառույցների» մասին ֆրանսիական   «Figaro» թերթի տեսասյուժեում:  

Դրանցից մեկը Ստամբուլում խոշոր մզկիթն է: Այն կառուցել են Էրդողանի մտերիմ գործարարների նվիրատվություններով: Ավելորդ է ասել, որ նվիրատվություններն ուղեկցվել են հարկերի կրճատմամբ, ասված է ռեպորտաժում:  «Երեւում է, Էրդողանի մտերիմ ընկերների գործերը լավ են: Մզկիթը 66 մլն դոլար է արժեցել: Վեճեր է առաջացրել նաեւ մզկիթի վայրը: Դա պահպանվող ճարտարապետական գոտի է: Այդ մասին են անհանգստանում նաեւ ճարտարապետական շրջանակները: Բայց մարդիկ հասկանում են, որ դժվար է Էրդողանին «ոչ» ասել, լինի դա մզկիթի շինարարություն թե ծխելը թողնելու խոստում, ինչպես որ   2015-ի օգոստոսին էր», - նշված է ռեպորտաժում:

Հետագայում մեջբերվում է Էրդողանի զրույցը, որը հասարակ քաղաքացու ձեռքին մի տուփ ծխախոտ է տեսել: Նա մոտեցել է, ձեռքը դրել է նրա ուսին եւ ասել է.  «Դու կթողնես ծխելը ճի՞շտ է»:  «Այնուամենայնիվ դժվար է»: «Ոչինչ, բայց անհրաժեշտ է: Մենք կվերցնենք քո հեռախոսահամարը եւ քո ընտանիքի անդամների հեռախոսահամարը, որպեսզի պարզենք, թե արդյոք իրոք թողել ես ծխելը»: «Ես Գերմանիայում եմ ապրում»: «Ոչինչ, մեզ համար դժվար չէ զանգելը», - հավաստիացրել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը ճանապարհի կեսին կանգ չի առնում եւ իր նախագահական պալատի առումով:   2014 –ի աշնանն ավարտված շինությունն աշխարհի ամենախոշոր նախագահական պալատն է դարձել:   300 հազար քմ մակերեսով պալատը կառուցվել է Անկարայի մոտերքում անտառային զանգվածում: 

Երրորդ «դարի կառույցը» Ստամբուլի նոր օդանավակայանն է: Այն արդեն   բնապահպանական կազմակերպությունների անհանգստությունն է առաջացրել, որովհետեւ պետք է տեղակայվի անտառային գոտում` Տերկոս լճի մոտ, որը Ստամբուլին ջուր մատակարարող վեց լճերից մեկն է: Էրդողանը բոլոր առարկություններին պատասխանել է. «Թզուկներին տրված չէ տեսնել նշանակալին, չնայած նրանց հանդեպ իմ ամբողջ սիրուն եւ առանց որեւէ ցանկության` վիրավորել նրանց»:

«Չնայած բնապահպանության առումով գործերն այնքան էլ լավ չեն, փոխարենը փիլիսոփայության առումով Էրդողանի մոտ ամեն ինչ կարգին է», - հեգնում է թերթը: