Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ընդունել է  Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովին` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները, անդրադարձավ ս.թ. հունվարին Սոֆիա կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել Բուլղարիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Գեորգի Կարաստամատովը նշել է, որ Երեւանում իր առաքելության ընթացքում աշխատել է առավելագույն ջանքեր ներդնել ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման, եւ շնորհակալություն հայտնեց ԱԳՆ կողմից ցուցաբերված աջակցության համար։

Հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Կարաստամատովին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալը։