Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նաախձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման համար, համալրվել է նոր փորձագետներով: Այդ մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փորձագետ Մարինե Հակոբյանը, ՀՌԱՀ արտոնագրման բաժնի ղեկավար Արտակ Սարգսյանը, Հանրային խորհրդի ֆինանսա-տնտեսական վարչության ղեկավար, գլխավոր ֆինանսիստ Ալեքսան Առաքելյանը, Հանրային Խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, տրանսպորտի եւ կապի նախարարությունից՝ «Հայաստանի հեռուստա- եւ ռադիոցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Սիմոնյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուզ» ՀԿ նախագահ Նունե Սարգսյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ իրավաբանական տնօրեն Դավիթ Սանդուխչյանը:

Հոկտեմբերի 11-ին կայանալու է աշխատանքային խմբի առաջին նիստը: