Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարձրացրել է 2010 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը  4,6 տոկոսից մինչեւ 4,8 տոկոս, սակայն 2011 թվականին համաշխարհային ՀՆԱ աճը կնվազի մինչեւ 4,2 տոկոս։ ԱՄՀ-ի նոր կանխատեսումները ներկայացված են  World Economic Outlook հերթական զեկույցում, որ հրապարակվել է երեկ` հոկտեմբերի 7-ին:

Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսվել է 4 տոկոս, Վրաստանինը՝ 5 տոկոս, Ադրբեջանինը՝ 0,9 տոկոս։

Զեկույցում նշվում է, որ տնտեսությունների վերականգնումը տեղի է ունենում անհավասարաչափ. Տնտեսապես զարգացած երկրները արգելակում են համաշխարհային աճը, այն դեպքում, երբ աճի քարշող ուժը Ասիայի զարգացող երկրներն են։ ԱՄՀ-ում կարծում են, որ զարգացած երկրների խմբի (ԱՄՆ, Կանադա, Եվրամիություն, Ճապոնիա) ՀՆԱ-ն 2010-ին կաճի 2,7 տոկոսով, իսկ զարգացող երկրներինը՝ 7,1 տոկոսով։ Ընդ որում՝ Չինաստանի աճը կանխատեսվում է 10,5 տոկոս։