Արցախում մարտի 11-ին մահացած ժամկետային զինծառայող Սարգիս Օհանյանի հարազատները մինչեւ այսօր չգիտեն նրա մահվան իրական պատճառը:
«5 ամիս է անցել, բայց մեզ ասում են՝ պատճառը պարզում են: Այս ամիսներին մեկ- երկու անգամ քննիչը եկել է, բայց ոչ մի կոնկրետ բան չեն ասում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց մահացած զինծառայողի եղբայրը՝ Գոռ Օհանյանը:
Եղբոր խոսքով՝ իրենք նույնիսկ զորամաս են գնացել, սակայն ծառայակից ընկերներին հանդիպելու հնարավորություն այդպես էլ չեն ունեցել. «Հրամանատարն ասում է՝ շատ լավ զինվոր էր, լավ ծառայում էր, մեկ ուրիշն ասում է՝ չէր ուզում ծառայել: Ու էդպես հստակ ոչինչ չեն ասում»:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Հարազատներն ինքնասպանության վարկածը բացառում են: Այս գործով որեւէ մեղադրյալ չկա:
Նշենք, որ Սարգիս Օհանյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից էր:





























