Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով աճել է 91 միավորով կամ 2.6%-ով: Նկատենք, որ դրական առաջընթաց է գրանցվել է միայն մայրաքաղաքում: Հանրապետության մարզերում, ընդհանուր առմամբ, զգալի անկում է արձանագրվել՝ 131 բնակարան կամ 7.0%:

Մայրաքաղաքը, որին բաժին է ընկնում հանրապետության բնակարանների ավելի քան 52%-ը, առանձնանում է շուկայի դինամիկությամբ: Այս մասին է վկայում բնակարանային ֆոնդի առքուվաճառքի գործարքների հարաբերակցությունը: Առաջին կիսամյակում մարզերի մասով այդ ցուցանիշը կազմել է 0.8%, մայրաքաղաքում՝ գրեթե 1.6%: Հավելենք, որ հաշվետու ժամանակահատվածում գործարքների թվով Երեւանն ավելի քան 2 անգամ առաջ է անցել բոլոր մարզերից միասին:

Վերջին տարիներին կառավարությունը գնորդների առանձին խմբերի աջակցում է մայրաքաղաքում նոր բնակարանի ձեռքբերման հարցում: Ասենք՝ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկերի մասով արտոնությունների միջոցով: Այդպիսով, միանգամից մի քանի նպատակ է իրականացվում. քաղաքացիներն արտոնյալ հիմունքներով բնակարան ձեռք բերելու հնարավորություն են ստանում, միաժամանակ, խթանվում է բնակարանաշինությունը, նաեւ ապահովվում է հիփոթեքի մասով բանկերի եկամուտը:

Բացի այդ, մայրաքաղաքում բնակարանների վաճառքի աճի այլ պատճառներ կան: Վաղուց արդեն ոչ այնքան լավ «ավանդույթ» է դարձել բնակարանների վաճառքը՝ ֆինանսական դրությունը բարելավելու նպատակով: Մայրաքաղաքի կենտրոնի բնակիչը տեղափոխվում է ծայրամաս, ինչի արդյունքում երկու առքուվաճառքի երկու գործարք է կնքվում: Սա՝ նվազագույն դեպքում: Լինում են դեպքեր, երբ դրամական անբավարարության պատճառով բնակարանը կրկին վաճառվում է՝ հանգեցնելով բնակարանային պայմանների հերթական վատթարացման:

Բնակարանների վաճառքի հարցում դեր ունի նաեւ բնակչության արտագաղթը: Վերջին տարիներին երկրի մշտական բնակչության թիվը մշտապես կրճատվում է:

Մայրաքաղաքային անշարժ գույքի գործակալներից մեկի խոսքով՝ լայն տարածում է ստացել հետեւյալ պրակտիկան. ապահովված քաղաքացիներն իրենց դրամական կապիտալը ներդրում են բնակարանում, այսինքն՝ մի քանի բնակարան են գնում (երբեմն նույնիսկ կապիտալ վերանորոգում են դրանք), այնուհետեւ վարձով տրամադրում: Ե՛վ կապիտալն է պահպանվում, ե՛ւ կայուն եկամուտ է ապահովվում (եթե բնակարան վարձողը բարեխիղճ մարդ է եւ դրամ ունի):

Իսկ եկամուտը, եթե բնակարանը հարմարավետ է եւ գտնվում է մայրաքաղաքի էլիտար շրջաններում, վատը չէ: Ասենք՝ Երեւանի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձն ամսական մինչեւ 800 դոլար արժե: Իհարկե, բնակարանի կարիք ունեցող մեր քաղաքացիները (ասենք՝ աշխատելու նպատակով մարզերից մայրաքաղաք ժամանողները) նախընտրում են շատ ավելի էժան բնակարան, քաղաքի ծայրամասերում: Իսկ Երեւանի կենտրոնի «թանկարժեք» բնակարանները, գործակալի խոսքով, հաճախ վարձակալում են մի քանի օրով Հայաստան ժամանած օտարերկրացիները:

Սմբատ Գրիգորյան