Ռուսաստանը դադարել է մաքսատանը բաց թողնել հայ բեռնափոխադրողների կոնյակի սպիրտով ավտոցիստեռնները: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասել է «Կար Տիր» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վահան Խուրշուդյանը:
Նրա խոսքով՝ բարդությունները ծագել են հուլիսի 1-ից, երբ Ռուսաստանում ուժի մեջ մտավ սպիրտի եւ ալկոհոլի արտադրանքի հաշվարկի Միացյալ պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգը (ՄՊԱՏՀ): Դրան են միացված սպիրտի եւ ալկոհոլային խմիչքների բոլոր արտադրողները, ներմուծողները եւ դիստրիբյուտորները՝ ապրանքի ամբողջական հաշվարկի եւ ստվերային վաճառքի բացառման համար:
Հարցն այն է, որ ՄՊԱՏՀ-ի մեջ են ներառում միայն ռուսական ընկերությունները: Իսկ Ռուսաստանի տարածքում այդ ռեգիստրից դուրս ալկոհոլի հետ կապված չի կարելի աշխատել (արտադրություն, առեւտուր, ներմուծում):
Ռուս փոխադրողները, որոնք գրանցված են ՄՊԱՏՀ-ում եւ մուծել են համապատասխան մաքսատուրք, կարող են առանց սահմանափակման ՌԴ տեղափոխել հայկական սպիրտը, իսկ նրանց հայ գործընկերների համար հարցը առայժմ չի լուծվել:
Խուրշուդյանն ընդգծել է, որ խնդիրը շշալցված կոնյակին չի վերաբերում, այլ հատկապես կոնյակի սպիրտին, որը ռուսական ընկերությունները գնում են իրենց մոտ շշալցում կատարելու համար:
Դժվարություններ են առաջացել միայն Ռուսաստանում. սպիրտով ցիստեռնները հայ բեռնափոխադրողները ինչպես նախկինում հարեւան Բելառուս են տեղափոխում ազատ:
Այս հարցով Խուրշուդյանը դիմել է «Ռոսալկոհոլկարգավորում» դաշնային ծառայությանը: Նրան վերահասցեագրել են Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի միջտարածաշրջանային ծառայության վարչություն, որը գտնվում է Էսենտուկիում: Այնտեղ պատասխանել են, որ հարցը լուծելու ցուցում չունեն:
«Ինչ-որ կերպ աշխատելու համար ես կարող եմ Ռուսաստանում դուստր ընկերություն բացել եւ գրանցվել ՄՊԱՏՀ-ում: Ստիպված կլինեմ նաեւ մաքսատուրք վճարել, որը փոքր չէ. վերահաշվարկով մոտ 30 հազար դոլար: Սակայն «Ռոսալկոհոլկարգավորում»-ում արտոնագիր ստանալու համար էլ 3 ամիս հերթ պիտի կանգնես»,- ասել է Խուրշուդյանը:
Իր հարցը նա բարձրացրել է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրության հարցերով Խորհրդատվական կոմիտեի վերջին նիստին, որը հուլիսի սկզբին տեղի է ունեցել Երեւանում: Այնտեղ պատրաստվում են հարցն ուսումնասիրել:





























