Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 3-ին բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորման որոշում կայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների, ինչպես նաեւ Արամ Հակոբյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ կալանավորվել են «Սասնա ծռերի» բոլոր անդամներն անխտիր:

Շուշանյանը նշեց, որ նրանց, ինչպես նաեւ «Սասնա ծռերի» բոլոր մյուս անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

«Տարբերությունը միայն անուն-ազգանունների մեջ է: Անգամ Սարի թաղի այն բնակչին, որն օրեր անց սնունդ էր հասցրել տղաներին, նույն մեղադրանքն է առաջադրվել: Նրա մեղադրանքի բովանդակության մեջ նշված է, որ հուլիսի 17-ին նա մասնակցել է ՊՊԾ գնդի գրավման գործողությանը, մինչդեռ այդ տղան ՊՊԾ գնդի տարածք է մտել հուլիսի 26-ին»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե «Սասնա ծռերի» անդամների մեջ կա՞ն մարդիկ, որոնք դեռեւս փաստաբան չունեն, Շուշանյանը դրական պատասխանեց տվեց՝ նշելով. «Տղաների պաշտպանությամբ զբաղվելու համար ստեղծվել է փաստաբանական խումբ: Շատ անձանց վերաբերյալ ՀՔԾ դիմումներ են ներկայացվել, որպեսզի մեր խմբի անդամներին ներգրավեն որպես փաստաբան, բայց ՀՔԾ-ից արձագանք չի եղել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տղաների կալանավորման վերաբերյալ նիստերին ենք մասնակցել եւ տեղեկացել, որ չի բացառվում, որ որեւէ մեկը փաստաբան ունեցած չլինի: Դա նախաքննության մարմնի թերացման արդյունք է, եթե ոչ դիտավորության»: