Վլադիմիր Ժիրինովսկու անհեթեթ արտահայտությանն արձագանքը եղել է Հայաստանի դեսպանի մակարդակով, եւ դա բավական է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ չպետք է մտածել, որ Ժիրինովսկու արտահայտությունը մեծ թվով պաշտոնյաների արձագանք է պահանջում: Բավական է, որ այն մեկնաբանել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը: Ավելին արձագանքելը կնշանակեր այդ խոսքերին ծանրակշռություն հաղորդել: Ի պատասխան Ժիրինովսկու խոսքերին իր անձնական վերաբերմունքի մասին հարցին՝ Քոչարյանն ասել է. «Իմ անձնական վերաբերմունքն այնպիսին է, ինչպիսին Հայաստանի ցանկացած քաղաքացու»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ռուսական Life-ին տված հարցազրույցում Ժիրինովսկին հայտարարել է. «Ի՞նչ է մարդկանց համար Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքր, լեռնային, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սեղմված երկիր է, որ ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն չունի: Այնտեղ արդեն մնացել է մեկ միլիոն հայ, իսկ   աշխարհում նրանք ընդամենը 6 միլիոն են: Նրանք բոլորը այս ու այն կողմ են փախել: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ. ամբողջ աշխարհով թափառում են: Այնտեղ ապրելու տեղ չկա՝ լեռներ են: Բնականաբար, այնտեղ զանազան խմբավորումներ միմյանց դեմ ստորություններ կանեն»: Լրագրողի հարցին, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Ժիրինովսկին պատասխանել է. «Ահա, կթքեն մեր վրա, բազան կվերցնենք: Մեր ոտքերի տակ կթավալվեն, որպեսզի բազան վերադարձնենք: Այդ բազան նրանց փրկությունն է, այլապես երկու կողմից թուրքերն ու ադրբեջանցիները նրանց կջնջեն: Այդ պատճառով Հայաստանի մասին պետք չէ մտահոգվել: Նրանք մեզնից երբեք չեն հրաժարվի, քանի որ այդ ժամանակ նրանց վերջը կգա»: