Սերժ Սարգսյանը չի ասել, որ հող չենք հանձնելու, ասել է, որ իշխանությունը պատրաստակամ է ազատագրված տարածքներից վերադարձնել, բայց միակողմանի զիջումներ չեն լինելու, հողի դիմաց ինչ-որ բան պետք է ստանա հայկական կողմը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, նա չի հիշատակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին. «Իսկ

Արցախի մասին չի կարելի խոսել, առանց ինքնորոշման իրավունքի։ Ինչո՞վ է տարբերվում ներկայիս փաթեթը երբեւէ եղածներից, մի ոչ պոզիտիվ դետալով. Խոսքը Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին է, բայց ժամկետ չի սահմանվում՝ երբ վերջնական կարգավիճակ կստանա. Սա ամենապրոբլեմատիկ կետերից մեկն է»։

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, Փաշինյանը նշեց, որ քառօրյա պատերազմը, ու դրանից առաջ ու հետո ժամանակաշրջանը ցույց տվեց, որ անընդհատ պատերազմական վիճակում ենք գտնվում, այո պատերազմի հավանականությունն այնպիսին է,  որ ցանկացած պահի կարող  է կրկնվել:

Անդրադառնալով փոխզիջումների խնդրին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը նշեց. ««Եթե չկա փոխզիջման մթնոլորտ, հակառակորդը սպառնում է քեզ ոչնչացնել, ու դու փոխզիջման մասին ես խոսում, դու գնում ես կապիտուլյացիայի։ Այս պահին փոխզիջման մասին խոսք չի կարող լինել, այս պայմաններում հայկական կողմի դիրքորոշումը պետք է լինի համարժեք, Ադրբեջանը որեւէ բան պատրաստ չէ զիջել։ Պետք է բանակն ուժեղացնենք, ազգային միասնության մթնոլորտ ձեւավորել՝ օրինականության պայմաններում, կեղեքողի եւ կեղեքվողի միջ միասնություն չի կարող լինել։ Ինքնուրույնաբար պետք է կարողանանք պաշտպանել մեզ։ Մենք ունենք ինտելեկտուալ պոտենցիալ, ներգաղթը պետք է կասեցնել, առաջիկա 20 տարում առնվազն կկրկնապատկվել՝ քաղաքական խնդիր է սա։

Մեր կուսակցությունը կարծում է, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես իրավունք չունի բանակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղյան հարցի շուրջ, միայն Ղարաբաղը պետք է բանակցի, ՀՀ-ն կարող է բանակցող կողմ լինել։ Բանակցային գործընթացն այսպիսի ֆորմատով մեզ համար անընդունելի է»։