ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դիմումն ընդունվել է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին ֆեյսբուքի իր ջում գրել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը:

Նա մասնավորապես, գրել է.

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է եւ ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:

Պաշտոնական հաղորդագրությունը քիչ անց՝ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում»:

Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2013-ի հոկտեմբերին: 2004-ից մինչ այժմ նա ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2011-2013 թվականներին Կոստանյանը եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2008-2011-ին ՀՀ եղել է ՀՀ նախագահի օգնական,  ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, 2006 – 2008-ին՝  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: