Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ղեկավար Արմեն Վաթյանը։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Մեր այն հարցին, թե  արդյոք դա կապված է հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետ, քանի որ Վաթյանը այդ պահին  գտնվում էր դեպքի վայրում,  լրատվական ծառայությունից չհերքեցին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։

Մեզ հասած տեղեկություններով Վաթյանի հեռացումը կապված է հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետ։ Բանն այն է, որ նա եղել էտվյալ տարածքի պատասխանատուն,  ոստիկանների ու Սարի թաղի բնակիչների միջեւ բախումների ժամանակ դեպքի վայրում է եղել։

Նշենք, որ ոստիկանները խոչընդոտել էին նաեւ լրագրողի աշխատանքը, սակայն Վաթյանը լինելով տարածքի պատասխանատու  որեւէ քայլ չէր ձեռնարկել։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին տեղի ունեցածը տեսագրել էր «Լրագիր» կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը։