Օգոստոսի 4-ին, ժամը 18:38-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հուլիսի 10-ից «Ղազախ- Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Գազամատակարարման դադարեցման նպատակը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելն էր:
Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումն այդ ընթացքում իրականացվել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:




























