«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը, որին օգոստոսի 5-ի գիշերը իրենց շենքի դիմաց ծեծի էին ենթարկել, դուրս է գրվել Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից: NEWS.am-ի հետ զրույցում Հարություն Աղլամազյանի հայրը` Կարեն Աղլամազյանը, պատմեց, որ իր որդու մոտ սալջարդեր եւ քերծվածքներ կան եւ նա դժվարությամբ է տեղաշարժվում:
«Հիվանդանոցում հետազոտվեց, կոտրվածքներ չունի: Հիմա տանն ենք, դժվարությամբ է տեղաշարժվում: Նաեւ ոստիկաններն են եկել, արձանարգրություններ կազմել»,-ասաց Կարեն Աղլամազյանը:
Նա նշեց, որ Հարությունին ծեծողներին ինքը երբեք չի տեսել եւ չի ճանաչում, սակայն, գիշերը, երբ Հարությունին ծեծի են ենթարկել, տեսել է նրանց դեմքերը եւ հնարավոր է, որ ճանաչի նրանց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին, իրենց շենքի դիմաց երեք երիտասարդ դաժան ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին: Հարությունը որպես վկա տեղափոխվել էր ՀՔԾ, գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ Հարությունը տուն է վերադարձել, երեք երիտասարդ հարձակվել եւ ծեծի են ենթարկել նրան:
Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի կալանավորումից հետո, Հարություն Աղլամազյանն էր Երեւանի Ազատության հրապարակից վարում հավաքներն ու երթը:





























