Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, որին  այսօր՝ օգոստոսի 6-ին, բերման էին ենթարկել, ազատ են արձակել: NEWS.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ իրեն բերման են ենթարկել Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկից՝ նախագահի առանձնատան դիմացից:

Քաղաքացիական ակտիվիստն ասաց, որ ինքը նախագահի առանձնատան դիմաց ակցիա անելիս է եղել, երբ իրեն ոստիկաններն առանց բացատրություն տալու տեղափոխել են ոստիկանություն:

«Ինձ չեն ասել՝ ինչու են բերման ենթարկում: Ոստիկանությունում ոչինչ չեմ ասել, չեմ խոսել նրանց հետ, բացատրություն չեմ տվել, անգամ բարեւեցին՝ չբարեւեցի»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել:

Նշենք, որ այսօր քաղաքացիական ակտիվիստն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ առավոտյան արթնացել եւ նկատել է, որ ինչ-որ մեկն իրենց տան շեմին աղբ է բերել, լցրել: Ակտիվիստը գրել էր, որ գնում է Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց ակցիա իրականացնելու: