Օգոստոսի 4-ից «Դատապարտյալների հիվանդանոցում» հացադուլ հայտարարած  «Սասնա ծռերի» անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի հետ կամպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հենց այսօր էլ պատրաստ է հանդիպել, եթե նրան թույլ տան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ քիչ առաջ է հանդիպել կոմպոզիտորին եւ անձամբ զրուցել հետը: Արայիկ Պապիկյանը նշեց, որ այժմ սպասում են, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը թույլտվություն տա՝ Աշոտ Պետրոսյանի եւ կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի եւ Տիգրան Մանսուրյանի հանդիպումը կազմակերպելու համար:

«Տիգրան Մանսուրյանն ասաց, որ հենց հիմա էլ պատրաստ է նրա հետ հանդիպել, եթե այդ հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցնի հացադուլը եւ բուժօգնություն  ստանա»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը նշեց, որ հացադուլի մեջ գտնվող եւ բուժօգնությունից հրաժարված «Սասնա ծռերի» անդամի վիճակն այժմ բավարար է, սակայն, նրան սնունդ եւ բուժօգնություն է հարկավոր. «Աշոտը շարունակում է  իր հացադուլը, երեք հրազենային վնասվածք ունի, սակայն, հրաժարվում է նաեւ բուժօգնությունից, որն իր վիճակում շատ վատ է:  Ինչքան շուտ այդ հանդիպումը լինի, այնքան արագ Աշոտ Պետրոսյանը կստանա բուժօգնություն եւ սնունդ»:

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը եւս համաձայն է հանդիպել Աշոտ Պետրոսյանի հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը ցանկանում է հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նա օգոստոսի 4-ից հայտարարել է հացադուլ եւ հրաժարվել բուժօգնությունից: Աշոտ Պետրոսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա ունի հրազենային վնասվածք:

Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: