Հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իրավապահներին հանձնված «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտարարել է նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ չգիտի՝ այդ նյութերը նախապատրաստվում են ԱԱԾ վարույթում, թե՞ հիմնական գործի հետ փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն:
Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը, պաշտպանի պնդմամբ, ձերբակալվելիս ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից: Առկա են մարմնական վնասվածքներ, մասնավորապես՝ Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում, հավանական է նաեւ՝ քթի կոտրվածք: Գագիկ Եղիազարյանը վնասվածքներ է ստացել պարանոցի շրջանում:
Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ Արամ Հակոբյանին ծեծողները եղել են 7-8 հոգի, նրանց դեմքերը Հակոբյանը չի տեսել, քանի որ դիմակավորված են եղել: Պաշտպանը միջնորդել էր, որ թե՛ Եղիազարյանը, թե՛ Հակոբյանը ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության: «Գագիկ Եղիազարյանը դեռեւս դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել, Արամ Հակոբյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, որի համաձայն՝ նա պետք է ենթարկվեր ռենտգեն եւ նյարդաբանական հետազոտությունների, ինձ պետք է տեղեկացնեին այդ հետազոտությունների կատարման վայրի եւ ժամի մասին, որ ես եւս մասնակցեի, բայց ես դեռեւս տեղեկություն չունեմ: Ռենտգեն հետազոտությամբ պետք է պարզվի նաեւ՝ Արամ Հակոբյանը ծեծի հետեւանքով քթի կոտրվածք ստացել է, թե՞ ոչ: Ինչքան ուշացնեն, այնքան ավելի դժվար կլինի ունենալ ամբողջական եւ ճշգրիտ փորձագիտական եզրակացություն»,- ասել է պաշտպանը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հուլիսի 27-ի փոխհրաձգությունից հետո հանձնվել են: Այնինչ, նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը հակառակն է պնդում. «Եթե իմ պաշտպանյալները հանձնվել են, ապա ինչո՞ւ են ենթարկվել բռնությունների, ես առ այսօր իմ այդ հարցադրման պատասխանը չեմ ստացել»,- նշել է Լուսինե Հակոբյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:





























