Օգոստոսի 7-ին արցախյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն էր: Նա կդառնար 34 տարեկան: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Ծննդյան օրվա առիթով հարազատներն ու ընկերներն այցելել են հերոսի շիրիմին: Գյումրի էին եկել նաեւ Արցախի ազատամարտիկների միության անդամներ, ովքեր հայրենիքին մատուցած ծառայության համար հետմահու հուշամեդալ հանձնեցին հերոսի կնոջը՝ Մերի Առաքելյանին:

NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ամուսնու տարեդարձն ամեն տարի առանձնահատուկ են նշել, նույնիսկ տարի է եղել, երբ փոխգնդապետը ծնունդը դիրքերում է նշել. «Միշտ ամսի 6-ից ենք սկսել նշել ծնունդը, նրա մայրիկի ծնունդով ենք սկսել նշել տարեդարձը: Գիշերը զանգահարում էինք իր մայրիկին, շնորհավորում, նշում, հետո օրը փոխվում էր եւ նրա ծնունդն էինք նշում, կարելի է ասել՝ երեք օր ծնունդ էինք անում: Ասում էր՝ ամեն օրդ պետք է լիարժեք ապրես, որովհետեւ չգիտես, թե վաղվա օրն ինչ կբերի»,- ասաց հերոսի կինը:

Մայրը՝ Աստղիկ Առաքելյանը հիշում է, թե ինչպես է ծնվել հերոս Ալիկը. «Մենք ծնունդս էին նշում, եւ արդեն տղայիս ծնվելու ժամանակն էր: Երբ հիվանդանոց տարան, բոլորն ասում էին՝ ինչ լավ է, քո ծննդյան օրն իքդ քեզ նվեր ես անում: Եվ ծնվեց տղաս: Շատ խելացի էր եւ շատ աշխույժ, էներգիայով լեցուն, եւ երբ հիմա հիշում եմ՝ ինչպես էինք նշում մեր երկուսի ծնունդը, ցավ եմ ապրում: Ծննդյանս գիշերը 12-ին զանգում էր, շնորհավորում, այսօր էլ սպասեցի, որ կզանգի, սակայն զանգ չեղավ: Մինչեւ հիմա չեմ կարող հաշտվել նրա կորստի հետ»,- ասաց մայրը:

Փոքրիկ Հովհաննեսը տատիկին առաջինն է շնորհավորել՝ չմոռանալով նաեւ հոր ծնունդը: Իսկ ճամբարում գտնվող Աստղիկը զանգել է գիշերը, տատիկի եւ հոր տարեդարձը միասին շնոհավորելու. «Հիմա թոռնիկս ճամբարում է, բայց երբ զանգեց ու ասաց՝ տատիկ ջան, շնորհավոր, պապայիս փոխարեն էլ եմ ասում եւ պապայիս ծնունդն էլ եմ շնորհավորում, սիրտս մղկտաց»,- պատմեց տիկին Աստղիկը:

Ալեքսան Առաքելյանը ծննդյան օրերի երազանքներ չէր սիրում պահել, միայն Ամանորին էր երազանք պահում: Իսկ ուներ երեք երազանք, որոնք կատարվել են, բայց վերջինը կնոջ համար ամենացավոտն էր. «Երեք երեզանք ուներ, այս տարի էլ նույն էր պահել՝ եղբորը ամուսնացնել, մեքենա գնել եւ ապրել այնքան, որքան Աստված էր տվել: Փաստորեն՝ այդ կյանքը նրա համար շատ քիչ էր, նա այդ կարճ կյանքում կիսատ թողեց շատ երազաքներ, մենք ապրել ենք միասին 10 տարի, բայց կարծես 40 տարվա ամուսիններ լինեինք»,- ասաց կինը:

Ալեքսանի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը, մեկնել է Արցախ՝ Ջեբրայիլ, ուր զոհվել է որդին: Նրա նախաձեռնությամբ Ջեբրայիլի զորամասում տեղադրվելու է հերոսին նվիրված խաչքար-հուշարձան: «Ալիկն ասում էր, երբ դուրս գամ Ջեբրայիլից ,իմ հուշարձանը պետք է դնեմ՝ նոր դուրս գամ: Ասում էր՝ երեւի միակ մարդը պետք է լինեմ, որ երկար աշխատել եմ: Երեւի սիրտը մի բան կանխազգում էր»,- ասաց Մերի Առաքելյանը՝ հավելելով, որ հուշարձանի բացման արարողությունն արդեն կայացել է, որին մասնակցել են զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ: