«Սասնա ծռերի» գործողություններից հետո հայ աղջիկների համար հայ տղամարդու իդեալ է դարձել Պավլիկ Մանուկյանի որդի Արամը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Նրա խոսքով, եթե հայ աղջիկներն առաջ նախընտրում էին հարդարած ու «լաքած» մազերով տղաներին, այժմ ֆեյսբուքյան գրառումներից պարզ է դառնում եւ արձագանքից, որ նրանց համար որպես տղամարդու իդեալ Արամն է:
«Մեր աղջիկներն ունեին իդեալ, որոնք ֆենած, լաքած մազերով տղամարդիկ էին, բայց «Սասնա ծռերի» գործողություններից հետո այդ իդեալը փոխվեց, այժմ բոլորը փնտրում են Արամի արտաքինով տղամարդու, Արամն ուղղակի դարձել է հայ աղջիկների համար հայ տղամարդու իդեալը»,-ասաց նա:
Դերասանուհին նշեց, որ «Սասնա ծռերի» գործողություններից հետո փոխվել է հայրենասիրության մասին պատկերացումները. «Հայրենասիրությունը միայն կուրծք ծեծելը չէ, այլ գործողություններն են, որոնց մենք ականատես եղանք վերջին օրերին: Փոխվեց մեր գիտակցության մեջ հայրենասիրության ընկալումը»:





























