Ընթացիկ տարվա հունվար-հունիսի տվյալներով՝ մեր երկրում գրանցվել է 6268 անհատ ձեռնարկատեր (ԱՁ) եւ 1785 սահմանափակ պատասխանատվությամբ միություն (ՍՊՄ): Այս թվերն ամենեւին ռեկորդային չեն:
Ամբողջ անցած տարվա ընթացքում, օրինակ, գրանցվել է մոտ 12 հազար ԱՁ: Եվ այս տարին եւս բացառություն չէ: Բայց, ինչպես ենթադրվում է, ամեն տարի համարյա նույն քանակությամբ ձեռնարկություններ էլ լուծարվում են: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին, օրինակ, «գրանցված փոփոխությունների քանակը» ԱՁ մասով կազմել է 7403, ԱՊՄ մասով՝ 3848: Այս թվի մեջ են մտնում նաեւ լուծարված ձեռնարկությունները:
Պետռեգիստրի գործակալության տեղեկանքի համաձայն՝ բիզնեսի գրանցման ընթացակարգը առավելագույնս պարզեցված է: Մասնավորապես՝ էլեկտրոնային հայտ ներկայացնելու հնարավորություն է ստեղծված: Ըստ այդմ՝ ՍՊՄ գրանցումը տեւում է ընդամենը 20 րոպե, իսկ ԱՁ գրանցումը՝ 10 րոպե: Այդ պատճառով Հայաստանում բիզնեսի գրանցման համար բավական լիբերալ պայմաններ են առկա: Դե իսկ այդ ընթացակարգից հետո արդեն բարդություններն են սկսվում:
Ձեռնարկատեր աշխատելն այնքան էլ հեշտ չէ, որքան սեփական բիզնեսը գրանցելը: Հատկապես, եթե «վերեւներից» աջակցություն չունես: Հանրահայտ է, որ սկսնակ գործարարների համար ճակատագրական դեր է խաղում նրանց անպատրաստ լինելը, համապատասխան գիտելիքների բացակայությունը, վարկերի բարձր տոկոսադրույքները եւ այլն, եւ այլն: Շատերը բողոքում են պետական աջակցության բացակայության կամ անբավարարության պատճառով: Այս առումով վիճակը շատ ավելի վատ է մարզերում:
Հետեւաբար՝ հաճախ բիզնեսը կա՛մ փակվում է, կա՛մ վերապրոֆիլավորվում: Այսպես՝ խանութների թվով ամենամյա «վեր-վար» տատանումները հասնում են տասնյակ (եւ նույնիսկ հարյուրավոր) միավորի: Իհարկե, իրենց դերակատարումն են ունեցել մանրածախ առեւտրի ոլորտում անբարենպաստ միտումները:
Հասկանալի է, որ ռիսկի խմբում առաջին հերթին փոքր ձեռնարկություններն են հայտնվում: Ընթացիկ տարվա հունվար-հունիսի տվյալներով՝ միկրոխանութները (մինչեւ 9 աշխատակից) աշխատանքի արտադրողականությամբ համարյա 3 անգամ զիջել են խոշոր օբյեկտներին (250 եւ ավելի աշխատակից): Մինչդեռ նոր բիզնեսը, որպես կանոն, գործունեության ծավալով խոշոր չէ: Այսինքն՝ մեծամասնությունն ունի «միկրո» կամ «փոքր» ձեռնարկության կարգավիճակ:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ անցյալ տարի լուծարվել է 10 հազարից ավելի իրավաբանական անձ: Այսինքն՝ կազմակերպություններն իրենց գործունեությունը դադարեցրել են: Ի հավելումն դրա՝ պարզվել է, որ թղթի վրա գոյություն ունեցող «իրավաբանական անձանցից» հազարավորները փաստացի չեն գործել: Այսինքն ձեռնարկատերերի մի ամբողջ բանակ բիզնեսից դուրս է եկել՝ այդ փաստից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ (երկրի ամբողջ տնտեսության, այդ թվում՝ զբաղվածության, հարկահավաքության համար եւ այլն):
Սմբատ Գրիգորյան





























