«Սասնա ծռեր» խմբի անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը միշտ էլ օգնության ձեռք է մեկնել օգնության կարիք ունեցողներին: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի մայրը՝ տիկին Դոնարան պատմեց, որ 48-ամյա Արթուրը «հաց է հասցրել» դեռ արցախյան ազատամարտի տարիներից սկսած՝ «լցնում էր սնունդն ու տանում կռվողներին».
«Անսպասելի չէր, որ Արթուրն հուլիսի 26-ին էլ որոշեց սնունդ հասցնել դրա կարիքն ունեցողներին, նա բնույթով այդպիսին է, այլ կերպ չէր կարող: Մենք մեր ընտանիքով միշտ էլ օգնության ձեռք ենք մեկնել կարիքավորներին, Արթուրն անգամ իր մոտ «Մաթեմատիիկա» եւ «Ֆիզիկա» առարկաներ պարապող ուսանողներից ու աշակերտներից գումար չէր վերցնում, ասում էր՝ հայ ազգի համար եմ անում: Ինչ ասեմ, դեռ արցախյան ազատամարտի տարիներին գնացին եղբայրներով մասնակցեցին, Արթուրը վիրավորումներ ստացավ, հետո հաց էր հասցնում կռվողներին, դրանից հետո էլ «Վերնիսաժում» իր աշխատանքներն էր վաճառում, աշխատած գումարով էլ օգնում կարիքավորներին»,-պատմում է տիկին Դոնարան:
Տիկին Դոնարայի համար այժմ առաջնահերթ է իր որդու առողջությունն ու նրա ազատ արձակումը: Նա հուսով է, որ արդարությունը կվերականգնվի եւ բազմաթիվ հիվանդություններ ունեցող իր որդուն շուտով ազատ կարձակեն:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է Երեւանի դպրոցներինց մեկում, դասավանդել է «Մաթեմատիիկա» եւ «Ֆիզիկա» առարկաներ, այնուհետեւ՝ Մանկավարժական համալսարանում: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում «Վերնիսաժում»: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին:





























