Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Գարիկ Առուստամյանի հարազատներն ու համագյուղացիները պահանջում են, որ նա անհապաղ ազատ արձակվի:
«Հուլիսի 29-ին երեկոյան, ժամը 21:00-ի սահմաններում քույրս զանգեց, եղբորս ասաց, որ գա իր հետեւից: Մինչեւ այդ եղբայրս դաշտում է եղել, հողագործությամբ է զբաղվում: Ընկերոջ հետ գնացել են, որ քրոջս բերեն Սարի թաղից, հասել են ու իրավիճակը սրվել է, իրենք ստիպված մոտ 20 րոպե սպասել են նախ մոտակա տներից մեկում, հետո դուրս եկել, նստել մեքենան ու այդ պահին մահակներով հարձակվել են եւ ծեծի ենթարկել, նույնիսկ քրոջս, մեքենան էլ են ջարդուփշուր արել»,- NEWS.am-ի թղթակցին դեպքի մանրամասները պատմեց Գարիկ Առուստամյանի եղբայրը՝ Գեւորգ Առուստամյանը:
Եղբոր պատմելով՝ Գարիկ Առուստամյանն այդ պահին խառնվել է իրար, վախից մեքենան վարել, ինչի հետեւանքով մի քանի ոստիկան թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել: Հենց այս պատճառով էլ, Գեւորգ Առուստամյանի խոսքով, եղբորը մեղադրանք են առաջադրել ու կալանավորել. «Եղբորս այնպես էին ծեծել, որ երկու օր վերակենդանացման բաժանմունքում էր, էնտեղից էլ միանգամից տարել են կալանավայր»:
Նշենք, որ Գեւորգ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:






























