«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը, որին օգոստոսի 5-ի գիշերը իրենց շենքի դիմաց ծեծի էին ենթարկել, համեմատաբար իրեն լավ է զգում: NEWS.am-ի հետ զրույցում Հարություն Աղլամազյանի հայրը` Կարեն Աղլամազյանը, նշեց, որ Հարությունի ստացած սալջարդերն ու  քերծվածքներն համարյա ապաքինվել են, նա արդեն կարողանում է նորմալ տեղաշարժվել եւ տնից դուրս գալ:

Հարցին՝ արդյոք Հարություն Աղլամազյանը շարունակելու է կրկին մասնակցել ի աջակցություն «Սասնա ծռերի» Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին, Կարեն Աղլամազյանը նշեց, որ դեռ պարզ չէ:

Նա նշեց, որ Հարությունին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որի վերաբերյալ այժմ կատարվում է  քննություն: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին, իրենց շենքի դիմաց երեք երիտասարդ դաժան ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին: Հարությունը որպես վկա տեղափոխվել էր ՀՔԾ, գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ Հարությունը տուն է վերադարձել, երեք երիտասարդ հարձակվել եւ ծեծի են ենթարկել նրան:

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի կալանավորումից հետո, Հարություն Աղլամազյանն էր Երեւանի Ազատության հրապարակից վարում հավաքներն ու երթը: