2016 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85326.0 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49827.0 տոննա պտուղ-բանջարեղեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցում է ավելի քան 35.5 հազար տոննայով կամ ավելի քան 1.7 անգամ:

Նախարարի տեղակալը նշել է նաեւ, որ վերամշակող ընկերությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերումների պահանջարկը շուրջ 34.0 հազար տոննայով (35 տոկոսով) գերազանցել է նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները, մասնավորապես` 17.0 հազ. տոննայով լոլիկի, 1.0 հազ. տոննայով ծիրանի, 1.6 հազ. տոննայով դեղձի եւ 3.7 հազար տոննայով խնձորի ծավալները:

«Ընթացիկ տարում պտուղբանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է շուրջ 71282.0 տոննա բանջարեղեն, որից՝ 47780.0 տոննա լոլիկ, 26808.0 տոննա պտուղ, որից՝ 6472.0 տոննա խնձոր, 5334.0 տոննա դեղձ, 7640.0 տոննա ծիրան եւ 7362.0 տոննա այլ պտուղ», - ասել է Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարը նշել է, որ օգոստոսի 9-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 1972.0 տոննա բանջարեղեն, որից՝ 1075.0 տոննա լոլիկ եւ 10224.0 տոննա պտուղ, որից՝ 6455.0 տոննա ծիրան, 1036.0 տոննա հատապտուղ: