Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքը օրեցօր դատարկվում է: Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող գյուղի դպրոցն արդեն մեկ տարի է՝ միացվել է հարեւան գյուղի դպրոցին, ինչի հետեւանքով մի քանի ընտանիք այլ վայր է տեղափոխվել բնակության: Գյուղում այս պահին 13 ընտանիք է բնակվում, կա դպրոցահասակ 10 երեխա:
«Քույրս դպրոցահասակ երեխաներ ունի՝ մեկը 5-րդ դասարան է, մեկը՝ 3-րդ, մյուսն էլ այս տարի պետք է գնա առաջին դասարան: Անցած տարի համարյա դպրոց չեն հաճախել, դրա համար ուզում են տեղափոխվել: Գնացել են Երեւան՝ աշխատելու, դպրոցի պատճառով, հնարավոր է, այնտեղ էլ մնան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաղաղբյուրցի Ռուզան Կլոյանը՝ նշելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու ընտանիք՝ 6 դպրոցահասակ երեխաներով հեռացել է գյուղից:
Պաղաղբյուրը բնակեցվել է 1991 թ.: Սկզբնական շրջանում այն ունեցել է մոտ հարյուր բնակիչ, 2000թ. նրանց թիվը եղել է 220: Ժամանակին գյուղում եղել է դպրոց, խանութ, մշակույթի տուն, համայնքային ավտոբուս: Տարիների ընթացքում, սակայն, համայնքային տրանսպորտը դադարել է գործել, խանութը փակվել է, 2015-2016 ուսումնական տարում էլ փակվել է դպրոցը՝ միանալով Մեծավանի թիվ 2 դպրոցին:
Դպրոցահասակներից 3-ն այս տարի առաջին դասարան կգնա: Համայնքապետ Արուսյակ Դումիկյանը մտավախություն ունի, որ մինչեւ ուսումնական տարին սկսվելը՝ նրանց ընտանիքները նույնպես կտեղափոխվեն գյուղից:





























