Իհարկե, ոչ ոք մտադիր չէ հենց այնպես զիջել թանկ արյամբ ձեռք բերված տարածքները: Այս մասին օգոստոսի 9-ին մամուլի ասուլիսին հայտարարել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հարցում հայկական կողմից տարածքային հնարավոր զիջումներին:

Պատգամավորը հիշեցրել է, որ նախագահը եւս իր խոսքում դա հաստատել է: «Ես՝ որպես պատգամավոր, ինքս այդ մասին կոնկրետ փաստաթուղթ չեմ ստացել: Խոսք չի եղել հայկական կողմից տարածքներ հանձնելու մասին, խոսակցություններ են եղել փոխզիջումների մասին»,- նշել է Ախոյանը՝ շարունակելով, որ կան պատասխանատու կառույցներ, որոնք պետք է պետության համար ճիշտ որոշումներ ընդունեն:

«Մենք պետք է կառուցողական եւ համբերատար լինենք, տեսնենք՝ ինչ կլինի: Մենք պետք է վստահենք Սերժ Սարգսյանին, ցանկանում ենք դա, թե ոչ՝ նա է ղեկավարում երկիրը եւ արտասահմանում էլ նա է բանակցություններ վարում»,- ամփոփել է Արագած Ախոյանը: