Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 26-ին, «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատավարությունը հետաձգվել է:
Ամբաստանյալներ Վահան Հակոբյանի («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանի («Տլե») ու Սարգիս Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է Վահան Հակոբյանի առողջական խնդիրների պատճառով:
«Վահան Հակոբյանը երկար ժամանակ է՝ առողջական խնդիրներ ուներ, նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է համապատասխան բուժհաստատությունում»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 4-ին, ժամը 13:59-ին, ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն էր, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը:





























