Ոստիկանը պետք է ցանկացած որոշման հետ համաձայն լինի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության նախկին պետ  Աշոտ Կարապետյանը՝ մեկնաբանելով իրեն պաշտոնից ազատելու որոշումը: 

«Համաձայն եմ, իհարկե, որոշման հետ, ոստիկանը պետք է համաձայն լինի ցանկացած որոշման հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Կարապետյանը:

Աշոտ Կարապետյանը չցանկացավ հստակեցնել, թե ինչով է զբաղվելու պաշտոնից ազատվելուց հետո՝ հորդորելով հետեւել լրատվությանը:

«Ես կադրերի տրամադրության տակ եմ, ես ոստիկանության աշխատակից եմ»,- ասաց նա:

Հիեցնենք, որ  Աշոտ Կարապետյանը պաշտոնից ազատվել է օգոստոսի 8-ին՝ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:

Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել էին կարգապահական տույժերի: Կարապետյանին խիստ նկատողություն էին տվել: