«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը հուլիսի 30-ից անազատության մեջ է գտնվում՝ օգոստոսի 8-ին բժշկական հետազոտություն է անցել: Այս մասին այսօր` օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:
«Հետազոտության արդյունքները կան, նրա երիկամներում ավազ է հայտնաբերվել, նաեւ գլխացավեր ունի, անքնություն, թուլություն, որը կապված է հուլիսի 18-ի դեպքերի ժամանակ ոստիկանությունում խոշտանգվելու հետ: Նա ուղեղի ցնցում էր ստացել ոստիկանների հարվածներից եւ կորցրել գիտակցությունը»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ Դավիթ Սանասարյանի բուժօգնություն ստանալու հետ կապված խնդիրներ չեն առաջանա` նա համապատասխան բուժօգնությունը կստանա քրեակատարողական հիմնարկում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։





























