Հայ ոսկերիչների համաշխարհային միության դպրոցը (AJA) Երեւանում աշնանը կվերականգնի պարապմունքները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է AJA–ի դպրոցի եւ «Նյու Էսթետ» ընկերության տնօրեն Գոհար Համբարձումյանը։
Տեսական պարապմունքները նախկինի պես կանցկացվեն Երեւանի 1-ին քաղաքային քոլեջում, իսկ գործնականները՝ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում։ Սեպտեմբերին պլանավորվում է ընդունել 20 ուսանող։ Ընդ որում, առաջիկա 3 ուսումնական տարում ընդունելությունը կիրականցվի ոչ թե քննությունների հիման վրա, այլ մի քանի նախնական պարապմունքների։ «Գլխավորը տեսնենք, թե ով իրականում ինչ է ուզում եւ ինչ է կարող։ Անգամ եթե ինչ–որ մեկ մոտ չի ստացվում, մենք ջանում ենք խրախուսել եւ հնարավորություն տալ փորձել»,– ասել է Համբարձումյանը։





























