Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից գողություն կատարած անձի ինքնությունը։

2016 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող խանութներից մեկում առերեւույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է օտարերկրյա քաղաքացուն պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, «Սամսունգ Ալֆա» մոդելի բջջային հեռախոս եւ կացության քարտ՝ պատճառելով խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է ակնոցներով, կապույտ կիսաթեւ վերնաշապիկով, սեւ գույնի անթեւ բաճկոնով, կապույտ տաբատով, կապույտ գլխարկով, բեղերով մի տղամարդ, ով վերցնում է օտարերկրացու պայուսակը եւ հեռանում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: