Թուրքիան եւ Ռուսաստանը շտապում են վերականգնել հարաբերությունները: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը՝ մեկնաբանելով երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ին կայացած հանդիպումը:

«Երկու երկրների հաշտեցումից ընդամենը մեկ ամիս անց Էրդողանը հայտարարեց. «Այս այցը նոր փուլ կդառնա երկկողմ հարաբերություններում»:

«Մեր երկրներն առանցքային խաղացողներ են տարածաշրջանում: Մենք միասին անելու բան ունենք»,- հանդիպումից հետո հայտարարեց Էրդողանը՝ հավելելով, որ երկու երկրները «դրական փուլի» են անցել:

Վլադիմիր Պուտինն արտերկրյա առաջին առաջնորդներից էր, որը զանգահարեց Էրդողանին՝ քննարկելու պետական հեղաշրջման փորձը:

Իր օդանավի խոցման հետ կապված միջադեպին Ռուսաստանը պատասխանեց տնտեսական միջոցառումներով: Կրեմլի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-մայիսին երկու երկրների ապրանքաշրջանառությունը 43%-ի անկում է գրանցել:

Սակայն ամիսներ տեւած փոխադարձ մեղադրանքներից հետո Մոսկվան անսպասելիորեն արագ ընդունեց Անկարայի ներողությունը եւ չեղարկեց Թուրքիայի համար շատ կարեւոր սահմանափակումները տուրիստական հատվածում:

Ըստ պարբերականի՝ հարաբերությունների ջերմացման հետ միասին կարելի է նաեւ «Թուրքական հոսք» գազատարի եւ Աքույուի ատոմակայանի նախագծերի վերականգնում ակնկալել:

Պուտինի եւ Էրդողանի միջեւ դեռեւս տարաձայնություններ կան, հատկապես՝ սիրիական հարցում: Էրդողանը պնդում է, որպեսզի Բաշար Ասադը հեռանա պաշտոնից, ինչին Մոսկվան կտրականապես դեմ է: Ամեն դեպքում, Էրդողանն ընդունել է հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի առանցքային դերը: