Քառօրյա պատերազմից օրեր անց Հայաստանի Կառավարությունը որոշում կայացրեց, որ այն վիրավոր զինծառայողները, որոնց չեն կարողանա Հայաստանում պատշաճ օգնություն տրամադրել, բուժման կուղարկվեն արտասահման բյուջետային միջոցներով: 4 ամիս է անցել, սակայն ոչ մի զինծառայողի դեռեւս արտասահման չեն ուղարկել, թեեւ այնտեղ բուժվելու կարիք մասնավորապես մի քանի զինծառայող ունեն:

Իրավասու մարմինները շուրջ 2 ամիս է՝ հայտարարում են, որ իրենք հարցումներ են ուղարկում արտասահմանյան կլինիկաներ: Բանակցություններից հետո ՊՆ համապատասխան վարչությունը պետք է տեղեկությունների ամբողջական փաթեթն ուղարկի Առողջապահության նախարարության ստեղծած հատուկ հանձնաժողով, որը որոշում է կայացնում վիրավոր զինվորների բուժումն արտասահմանում կազմակերպելու մասին Հայաստանում այն կազմակերպելու անհնարինության պատճառով: Սակայն թե ինչու այսքան ժամանակ ոչ մի զինծառայողի վերաբերյալ որոշում չի կայացվել, պարզ չէ: Հատկանշական է, որ երբ մասնավոր նվիրատվությունների միջոցով Գերմանիա էին տեղափոխվում Արամ Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանը, հարազատները կարողացան կարճ ժամանակահատվածում պայմանավորվել կլինիկաների հետ:

Ի դեպ, մայրաքաղաքի հիվանդանոցներում այս պահի դրությամբ երեք զինծառայող կա, որոնք վերականգնողական բուժման կարիք ունեն արտերկրում:

Ապրիլի չորսին Թալիշում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանն արդեն ավելի քան չորս ամիս է՝ գտնվում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Օրերս նա կրկին բարդ վիրահատության է ենթարկվել:

«Ծնոտն են վիրահատել, չորս ամիս է՝ տղաս նույն վիճակում է, Վերակենդանացման բաժանմունքից չեն տեղափոխում: Հոսպիտալի բժիշկներից շատ գոհ ենք, անհնարինն արել են, բայց հիմա վերականգնողական բուժում է արդեն հարկավոր, որը ոնց տեսնում եմ, Հայաստանում չեն կարող անել»,- ասում է Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան:

Նշենք, որ մարտերի ընթացքում գնդակը մտել էր Ավետիսի ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ նրան Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն 19-ամյա տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը եւ դուրս գալ կրիտիկական վիճակից: Այս ամիսների ընթացքում Ավետիսը, սակայն, գամված է անկողնում, շշուկով է խոսում: Հարազատների միակ ցանկությունն այն է, որ 19-ամյա Ավետիսը կարողանա ինքնուրույն քայլել, խոսել: Առ այսօր Պաշտպանության նախարարությունից ոչ ոք Զարգարյանների հետ չի հանդիպել:

Գրեթե նույն վիճակում էլ Ռոլանդ Սահակյանն է գտնվում, որը նույնպես վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշում: Հոսպիտալում գտնվելու ընթացքում երիտասարդը շուրջ 7 վիրահատության է ենթարկվել. երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի: Հունիսի վերջին Ռոլանդը տեղափոխվել էր հիվանդասենյակ, սակայն օրեր անց վիրահատվել եւ կրկին տեղափոխվել Վերակենդանացման բաժանմունք:

Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում էլ Հովհաննես Պողոսյանն է գտնվում: Մայիսի 13-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայողը հրաշքով է փրկվել: Բժիշկների երկարատեւ պայքարից հետո այսօր Հովհաննեսը սկսել է խոսել եւ կամաց- կամաց քայլել: Նրան նույնպես, հարազատների խոսքով, վերականգնողական բուժում է հարկավոր արտասահմանում:

Այս երեք զինծառայողների հարազատներն էլ հույսները չեն կորցնում, որ ՀՀ կառավարությունն իր որոշումը վերջապես կիրագործի: