Թուրքիան եւ Ռուսաստանը շատ ընդհանուր նպատակներ ու շահեր ունեն։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական  ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդեն՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպումը։ Նա նշել է, որ Անկարան ու Մոսկվան մասնակցում են ԻՊ–ի դեմ պայքարին, եւ  հավելել է, որ ԱՄՆ–ը Թուրքիայի հետ հարաբերությունները չի դիտարկում որպես զրոյական գումարով խաղ։

Անդրադառնալով Թուրքիայում հակաամերիկյան հռետորաբանությանը՝ դիվանագետը նշել է, որ դա մտահոգում է ԱՄՆ–ին։ «Նման  հռետորաբանությունը չի կարող օգտակար լինել»,– ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգթոնն արդեն Անկարային հայտնել է իր մտահոգությունը այդ կապակցությամբ։ «Թուրքիայի կառավարությունը պատասխանատու է նման հայտարարության համար։ Մենք հավատում ենք, որ Թուրքիայի հետ մեր համագործակցությունն ուժեղ է»,– ասել է նա։