Վայոց ձորի մարզում նախօրեին փեթակից դուրս եկած մեղուների խայթոցից տուժած տղամարդն առաջին բուժօգնություն է ստացել եւ գնացել տուն: Այս մասին NEWS.am-ին ասաց Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը:

Նա պատմեց, որ նախօրեին ահազանգ ստանալուց հետո այդ տուն մեկնած «Շտապօգնության» բուժաշխատողներին նույնպես մեղուները խայթել են:

«Երկու փեթակ ընկել է, մեղուները դուրս են եկել եւ ընկել այդ պահին այնտեղ գտնվող տղամարդու հետեւից: Նա մտել է տուն, մեղուները հետեւից, ստիպված «Շտապօգնություն» են կանչել, իսկ երբ մեր բուժաշխատողներն են գնացել, նրանց վրա էլ են մեղուները հարձակվել: Դրանից հետո էլ ստիպված փրկարարներ են կանչել, որոնք մեղուներին հանել են տնից, տուժածին էլ տեղափոխել են հիվանդանոց»,- ասաց Անահիտ Կարապետյանը:

Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ օգոստոսի 9-ին, ժամը 23.18-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան նրբանցքի տներից մեկի մեղվի փեթակները տեղափոխելիս ընկել եւ բացվել են, ինչի հետեւանքով մեղուները խայթել են տան անդամներին, տուժել է 41-ամյա Հ. Մ.-ը, որն ավելի ուշ տեղափոխվել է հիվանդանոց: