Ադրբեջանում «Ռուսաստանի ուղղաթիռներ» սպասարկման կենտրոն բացելու մասին համաձայնագիրը կստորագրվի սեպտեմբերի վերջին՝ ADEX-2016 ցուցահանդեսի ժամանակ։ Ձեռնարկությունը կսպասարկի Մի–8/17 քաղաքացիական ուղղաթիռները, իսկ հետագայում նաեւ կվերանորոգի ռազմական նշանակության ուղղաթիռների տեխնիկան։
Այս պահին բանակցություններ են ընթանում արտասահմանցի գործընկներների հետ նախագծի իրականացման համագործակցության ձեւի եւ կարգի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով հոլդինգի մամուլի ծառայությունը։
ADEX – 2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ պլանավորվում է համապատասխան համաձայնագրերի ստորագրում, ասված է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Ռուսաստանի ուղղաթիռները» պլանավորում է սպասարկման կենտրոն բացել Silk Way Helicopter Services ձեռնարկության տարածքում։ Այն կիրականացնի Մի–8/17 տեսակի ուղղաթիռների սպասարկման աշխատանքները։ Միաժամանակ ուսումնասիրվում է այդ կենտրոնի հնարավորությունները ռազմական նշանակության ուղղաթիռների սպասարկման եւ կապիտալ վերանորոգման ուղղությամբ ընդլայնելու տարբերակը։





























