Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից մեկ օր անց մահացած 44-ամյա Նաիրա Աբգարյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ «Արբես» առողջության կենտրոնի ֆիզիոթերապեւտ Նաիրա Աբգարյանը հղիացել էր արհեստական բեղմնավորման ճանապարհով, «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ, ծանր հղիություն էր ունեցել: Կեսարյան հատումից հետո նրան գործընկերները տեսակցել էին, իրեն լավ էր զգում, սակայն հետո կտրուկ վիճակը վատացել էր, տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց մահացել էր:

Նախնական տվյալներով, 44-ամյա կնոջ մոտ արձանագրվել էր արյան մակարդելիության անկում, ապա բացակայում:

Նշենք, որ Նաիրա Աբգարյանը զույգ էր ունեցել: Փոքրիկ Մարտինն ու Մարկը լավ են, օրերս են դուրս գրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից: