Հայաստանում արժեթղթերի թողարկման պահանջարկը 2016-ին եւս չի նվազել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է «Ռենեսա» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը՝ ի պատասխան 2015-ին Հայաստանում կորպորատիվ արժեթղթերի շրջանառության աճի մասին հարցին:
Նշենք, որ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2015-ին արժեթղթերի շրջանառությունը, ըստ Կենտրոնական ավանդային համակարգով կատարված գործարքների, աճել է 4,2 անգամ, մինչեւ 1 տրլն 182,6 մլրդ դրամ (ընթացիկ կուրսով վերահաշվարկելով մոտ 2,47 մլրդ դոլար): Այս համակարգում գրանցվում են ոչ միան կորպորատիվ արժեթղթերի գործարքները, այլ նաեւ անկախ եվրոարժեթղթերի արտաբորսայական գործարքները:
«Որպես մեյքեր-մարքեթ կարող եմ ասել, որ կորպորատիվ արժեթղթերի նկատելի աճ կա, որն, ի դեպ, շարունակվում է 2016-ին: Այդ մասին ես դատում եմ իմ աշխատակիցների ծանրաբեռնվածությամբ»,- նշում է Սարոյանը:
Նրա խոսքով՝ արժեթղթերի պահանջարկը մեծ է եւ՛ ֆիզիկական անձանց, եւ՛ ֆինանսական կազմակերպությունների շրջանում (առաջինները նախընտրում տարադրամով արժեթղթերը, երկրորդները վերցնում են նաեւ տեղական արժույթով, իրենց ակտիվները հավասարակշռելու համար):
Ինչ վերաբերում է կենսաթոշակային հիմնադրամներին, որոնք հեռանկարում (ըստ կենսաթոշակային կուտակումների աճի չափի) պետք է նշանակալի գնորդ դառնան, առայժմ հարմարվում են Կենտրոնական բանկի խիստ վերահսկմանը: Նրանց հանդեպ, որպես կենսաթոշակային միջոցների կառավարիչ, պահանջները հատկապես խիստ են: «Այդ ամենից զատ, նրանք պետք է հետեւեն իրենց թղթապանակի դիվերսիֆիկացիայի նորմատիվներին: Դա նշանակում է, որ նրանք չեն կարող միեւնույն արժեթղթերից չափազանց շատ գնել: Նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ բոլոր պահանջներով հանդերձ վերջնականապես հունի մեջ ընկնեն»,- պարզաբանում է Վաղինակ Սարոյանը:





























