«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այս տարվա մարտի 1-ին կալանավոր Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը:

«Ասեցին՝ հանցակազմ չկա, մարմնի վրա էլ բռնության հետքեր չեն եղել»,- ասաց Սաթենիկ Հովսեփյանը:

Սաթենիկ Հովսեփյանը նշեց, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել վերադաս մարմիններին:

Սաթենիկ Հովսեփյանը չի հավատում, որ ամուսինն ինքնասպան է եղել: Նա ամուսնու հետ դեպքից ժամեր առաջ է խոսել: Ամուսինը պատմել է, որ իրեն ճնշում են, ստիպում են խոստովանել, թե ծեծել է կալանավորվածներից մեկին, սակայն չի արել: Կինը կասկածներ ունի, որ ամուսնուն սպանել են հենց այդ բանի համար:  

Մխիթար Սարգսյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Մարտի 1-ին նրան կախված էին գտել ՔԿՀ-ի լոգարանում: Նրա պատժաժամկետը մի քանի օրից լրանալու էր: