PayPal վճարումների համակարգը դեռ ասելիք չունի Հայաստանում իր ծառայությունների հնարավոր ընդլայնման հարցով։ Այս մասին, ի պատասխան  Հայաստանին վճարումների համակարգում ներառելու մասին հարցմանը, հայտնել են PayPal ընկերությունից։

Ընկերությունում նշել են, որ ցանկացած երկրում PayPal–ի ծառայությունների ընդլայնման որոշումը ընկերության ներսում լայնածավալ վերլուծությունների արդյունք է լինում։ Ավելին՝ ամեն երկիր դիտարկվում է ծառայությունների ամբողջական համալիր ներկայացնելու մտադրության տեսակետից։ Այդուհանդերձ, ընկերությունը պետք է հաշվի առնի ընթացիկ գործողությունների ներուժը եւ ռեսուրսներ տրամադրելու կարողությունը, որոնք անհրաժեշտ են հաջող ընդլայնում ապահովելու համար։

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում գործում է միայն այն գործառույթը, որով կարելի է միջոցներ ուղարկել PayPal համակարգով։

Նշենք, որ այս տարվա մարտին առցանց-խնդրագիր էր մեկնարկել՝ Հայաստանում PayPal-ի ամբողջական գործարկման պահանջով: