Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվել է 5 միջազգային կազմակերպությունների: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դավիթ Սանասարյան» նախաձեռնության տարածած հաղորդագրությունից:

«Դավիթ Սանասարյանի գործն ամենայն մանրամասնությամբ` սկսած հուլիսի 18-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց, հուլիսի 30-ին առեւանգվելուց, ծեծի ենթարկվելուց, խոշտանգվելուց մինչ երեկ` 9-ը օգոստոսի, տեղի ունեցող զարգացումները, ուղարկվեց 5 միջազգային կազմակերպություններ նախորդ չորսի փոխարեն, որոնք են` EEAS, US diplomacy, Amnesty International, People in Need եւ Freedom House: Այս կազմակերպությունների արձագանքների եւ հետագա զարգացումների մասին ձեզ անպայմանորեն կտեղեկացնենք ընթացքում: Բրատիսլավայում գործող Գլոբալ Անվտանգության Ֆորումից հայտնել են, որ Դավիթի գործը, իրենք էլ իրենց հերթին ուղարկել են իրենց հարյուրավոր գործընկերներ կազմակերպությունների, եւ նաեւ պաշտոնական նամակ են ուղարկել Բրատիսլավայում ՀՀ դեսպանին` խնդրելով զբաղվել Դավիթի գործով»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։