ԼՂ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին մահացած հայտնաբերված զինծառայող Հրանտ Գրիգորյանի ծնողները հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հրանտ Գրիգորյանի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հանդիպումը կայացել է իրենց նախաձեռնությամբ, որ ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:
«Հիմնականում ասացին, որ քննությունը կպարզի հարցրեի պատասխանները, դեռ շատ փորձաքննությունների պատասխաններ չկան: Ինձ հետաքրքրում էր՝ ինչպես է պատահել, որ որդուս առաջինը մահացած հայտնաբերողները զենքը նրանից հեռու են տեսել, այնինչ քննության տվյալներով այն եղել է որդուս ձեռքում: Այդ հարցին էլ հստակ պատասխան չստացա»,- ասաց Գարուշ Գրիգորյանը:
Զինծառայողի հայրը հայտնեց, որ դատավարությունը ընթանալու է Լեռնային Ղարաբաղում եւ իրենք բարձրացրել են այնտեղ հասնելու համար ֆինանսական միջոցների բացակայության հարցը, նախարարը խոստացել է աջակցել:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, դասակի հրամանատար Վ. Բալայանը կալանավորված է:
Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, ԼՂ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:
Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:
Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:





























