Հյուսիսային պողոտայում օգոստոսի 10-ին մեկնարկել է «Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ Արմեն Լամբարյանի ընտանիքին աջակցելու նպատակով կազմակերպված  դրամահավաքը:

NEWS.am-ի հետ զրույցում կազմակերպիչներից Նելլի Մինասյանը նշեց, որ դրամահավաքի նպատակն է օգնել  արցախյան ազատամարտի մասնակից Արմեն Լամբարյանի ընտանիքին, նա ունի երեք անաչափահաս երեխա, որոնց խնամքը Արմեն Լամբարյանի վրա է:

Այս պահին հաշմանդամ մոր եւ 3 անչափահաս երեխաների ապրուստի միջոցը մնացել են թոշակն ու նպաստը, որն այս ամիս դեռ չեն ստացել:

«Ես երեկ  հանդիպել եմ Արմեն Լամբարյանի մոր հետ, քանի որ հասկացանք՝  Արմեն Լամբարյանի 3 անչափահաս երեխաներ ունի, մայրն էլ հաշմանդամ է եւ այժմ ապրուստի միջոց չունեն, այդ պատճառով էլ մենք որոշեցինք դրամահավաք կազմակերպել: Երեկ ակտիվ մասնակցել են դրամահավաքին, այսօր էլ կշարունակվի»,-ասաց Նելիի Մինասյանը:

Նշենք, որ դրամահավքը մեկնարկել է օգոստոսի 10-ին, տեւել է 17:00-22:00-ը, այն կշարունակվի նաեւ այսօր՝ ժամը 18:00-21:00-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):