Տավուշի մարզի Մովսես գյուղում 2015թ. սեպտեմբերի 18-ին սպանված՝ Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի հարազատները համաձայն չեն առաջին ատյանի վճռի հետ, որի համաձայն, ամբաստանյալ Արթուր Մկրտումյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Պապյանի հարազատները վերաքննիչ բողոք են ներկայացրել:
«Ամբաստանյալ Արթուր Մկրտումյանի արարքը պետք է վերաորակել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով եւ նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ: Հակառակ դեպքում, պետք է փոխել դատավճռի պատժի մասը և նրա նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ, միեւնույն ժամանակ բավարարել քաղաքացիական հայցն ամբողջությամբ»,- ասում է բողոքի մեջ:
Վերաքննիչ բողոք նաեւ ամբաստանյալի փաստաբանն է ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արթուր Մկրտումյանի վերաբերյալ դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Հիշեցնենք, որ հունիսին առաջին ատյանի դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց Արթուր Մկրտումյանին՝ հաշվի առնելով ամբաստանյալի՝ 3 անչափահաս երեխա ունենալը: Դատարանը մասամբ բավարարեց տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը. Պապյանի հարազատները պահանջում էին 5.5 մլն դրամ, մինչդեռ դատարանը որոշեց բռնագանձել 1 մլն 40 հազար դրամ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է:





























