Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2014թ.-ի մայիսին ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի եւ նորածնի գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանը:

Դեռեւս հայտնի չէ, թե կոնկրետ որ փորձագիտական կենտրոնում է նշանակվել փորձաքննություն: Հիշեցնենք, որ մոտ 6 ամիս առաջ սույն գործը կարճվել էր, քանի որ դատախազությունը որոշել էր, որ հանցակազմը բացակայում է: Պապանյանի հարազատներին միայն վերաքննիչ բողոքից հետո հաջողվեց քրգործը վերաբացել:

Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով 2014թ. մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով: