Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն կա  «Թուրքական հոսք» գազատարի իրավահավասար ֆինանսավորման մասին, հայտնում է  HaberTurk-ը:

Նրա խոսքով, ռուսական կողմին հայտնել են, որ  «Թուրքական հոսք» նախագծի հետ կապված ոչ մի խնդիր չկա:  «Միակ բանը, որ առաջարկել ենք, հավասար կիսել մեր տարածքով անցնող գազատարի հատվածի շինարարության ծախսերը», - հայտնել է թուրք առաջնորդը: Նա հիշեցրել է, որ մինչեւ Թուրքիայի տարածք, գազը կանցնի Սեւ ծովի հատակով: «Մնացած հատվածի վերաբերյալ (նախնական) համաձայնություն է ձեռք բերվել մեր կողմից դրա ֆինանսավորման վերաբերյալ   50/50 հաշվարկով», - ասել է Էրդողանը:

Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում որոշվել է վերականգնել  «Թուրքական հոսքի» շինարարությունը: Որոշում է կայացվել աշխատանքային խումբ ստեղծել եւ ճանապարհային քարտեզ մշակել:

Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսքի» ծովային հատվածը կազմված կլինի չորս գծից` յուրաքանչյուրը    15,75 մլրդ խմ հզորությամբ: Գազատարը պետք է  660 կմ անցնի «Հարավային հոսքի» հին միջանցքով եւ 250 կմ` նոր միջանցքով Թուրքիայի եվրոպական մասի ուղղությամբ: