Ռուսաստանի ԱԴԾ-ն բացահայտել է միջազգային ծայրահեղական ինտերնետային «Ռոհնամո բա սուի դավլաթի իսլոմի» (տաջիկերենից թարգմանությամբ` «ուղեցույց դեպի իսլամական պետություն») ընկերակցությունը: Այդ կազմակերպության միավորները զբաղվում էին ահաբեկիչների գաղափարախոսության քարոզչությամբ, ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման համար միջոցների հավաքմամբ, ինչպես նաեւ գրոհայինների հավաքագրմամբ, հայտնում է Newsru-ն:
Ուժայինները իսլամիստական ինտերնետային ընկերակցության գործունեությունը բացահայտել եւ կասեցրել են Սվերդլովսկի, Տյումենի եւ Չելյաբինսկի մարզերում: Խուզարկություն է իրականացվել «Ռոհնամո» ընկերակցության անդամների բնակության վայրում: Արդյունքում առգրավվել են ահաբեկիչների քարոզչական տեսանյութերը պարունակող համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ծայրահեղական գրականություն, բանկային քարտեր: Ուժայինները նաեւ հայտնաբերել եւ առգրավել են սպառազինություն, որը ներառել է երեք ատրճանակ, չորս նռնակ, մոտ 500 գ պլաստիտ, հինգ տրոտիլային ական ընդհանուր 1 կգ զանգվածով եւ դրանց կից էլեկտրոդետոնատորներ:





























