Հայաստանում մինչեւ 2018 թվականը չեղյալ կհամարեն օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի թույլտվությունը: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 11-ի նիստին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ այժմ Հայաստանում   5179 օտարերկրյա քաղաքացի է աշխատում: Հիմնականում նրանք հատուկ որակավորումների կրողներ են, որպիսիք դժվար է գտնել Հայաստանում: Դրանց թվին են պատկանում Հայաստանի համար նոր մեքենաների եւ սարքավորումների շահագործման մասնագետները, օտար խոհանոցների խոհարարները եւ այլն: Այդ աշխատողների մեծամասնությունը ծագումով հայեր են: 

Հայաստանում օտարերկրյա աշխատողների թիվն այնքան մեծ չէ, որպեսզի աշխատանքի ազգային շուկայի համար բարդություններ ստեղծի: Միաժամանակ, վերոհիշյալ պահանջների առկայության պատճառով գործատերը ստիպված է  15 օր ծախսել թույլտվություն ստանալու համար եւ  25 հազար դրամ (50 դոլարից քիչ ավելի) յուրաքանչյուր թույլտվության համար, նշել է նախարարը: Աշխատանքի թույլտվությունները չեղյալ կհամարվեն մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը: Մինչ այդ, հանրապետությունում նախատեսված է օտարերկրյա աշխատողների այնպիսի քվոտաներ մշակել, որոնք կհամապատասխանեն աշխատանքի շուկայի պահանջներին: